4 ունակություններ, որոնք չեմ ունեցել, բայց ինձ վրա աշխատելով՝ ձեռք եմ բերել

4 ունակություններ, որոնք չեմ ունեցել, բայց ինձ վրա աշխատելով՝ ձեռք եմ բերել

1. Արագ կարդալը — Ես արագ եմ կարդում, բավականին արագ ու ունեմ գիրք կարդալու իմ մեթոդը, որով շատ արագ յուրացնում եմ տեղեկությունը: Ինչպե՞ս եմ հասել դրան: Նախ սկզբից կարդում եմ գրքի բովանդակությունը ու ամենահետաքրքիր վերնագրով թեման, եթե գրավեց, ուրեմն ողջ գիրքը կարդում եմ, եթե ոչ, ուրեմն գնաց արխիվ:

Երկրորդը, սովորել եմ տեքստերը սքանավորել ու աչքս բռնում է մեծատառերը, դիալոգները, թվականները, հարցականները, տեղանունները, անուններն ու բանալի բառերը՝ մարքեթինգ, վաճառքի աճ, մենեջմենթ և այլն: Ես գիտեմ, թե ինչն է ինձ հետաքրքիր ու եթե գտնում եմ իմ հետաքրքրությամբ բառերը, ապա ամբողջությամբ դանդաղ կարդում եմ, իսկ եթե ոչ, անցնում եմ առաջ:

2. Լսելը — Բոլորս էլ սիրում ենք խոսել, նորմալ է, բայց ժամանակի ընթացքում իմ մեջ նվազեցրել եմ այդ հատկությունը՝ փոխարինելով լսելուն, ինչու՞:

Որովհետև խոսելով ես շատ բան չեմ սովորում, իսկ այ լսելով՝ շատ: Դրա համար երբ զրուցակիցս հետաքրքիր մարդ է, անընդհատ ուզում եմ իրեն լսեմ, որպեսզի սովորեմ, նոր ինֆորմացիան մարսեմ: Մի քանի հարց տալով՝ կարելի է իմանալ, դիմացինդ հետաքրքիր զրուցակից է, թե ոչ: Անհետաքրքիր մարդկանց հետ չեմ շփվում, այնպես որ միշտ էլ սովորելու բան ունեմ մյուսներից: Ինչպե՞ս փոխարինեցի շատ խոսելը լսելով, պատասխանեմ՝ հարցերի միջոցով: Երբ ես հարց եմ տալիս, դիմացինս պատասխանում է, հետևաբար ես էլ լսում եմ: Ու այդպես քիչ խոսելը դարձավ նորմա:

3. Հիշողությունը զարգացնել — Եթե ֆիքսվեցի որևէ զրույցի, կամ երևույթի վրա, ապա հիշում եմ մշտապես: Մի անգամ Samvel Gevorgyan-ի հետ զրուցում էինք ու այնքան հետաքրքիր փաստեր պատմեց Մոնղոլիայից, որ գրեթե ամեն պատմածը ֆիքսեցի՝ առանց բլոկնոտի ու ձայնագրման: Ո՞րն է լսածս հիշելու ֆենոմենը: Բանալի բառերը: Ամեն մի պատմության մեջ ֆիքսում եմ բանալի բառերը, որից հետո արդեն պատմությունը հիշելն էլ ավելի է հեշտանում:

Իսկ կարդացածը հիշելու համար պատմեք ձեր իմացածը դիմացինին, կամ նրան, ում հետաքրքիր է, շատ արագ ֆիքսվում է ձեր ուղեղում: Երբևէ ֆիլմեր պատմե՞լ եք ձեր ընկերներին, իհարկե ու հենց դրանով էլ ամրապնդվում է ֆիլմը ձեր հիշողության մեջ:

4. Հետաքրքիր գրելը — Ես ահավոր վատ գրող եմ եղել ու որ կարդում էի իմ առաջին հոդվածները, սիրտս կանգնում էր: Գրելու համար մի կանոն կա, շատ գրել ու լսես բոլոր դիտողությունները: Այսօր գիտեմ, թե ինչպես պիտի գրել, որ հետաքրքիր լինի: Մի գաղտնիք ասեմ, տեքստերը ես բաժանում եմ 2 սեռի՝ իգական և արական: Այն տեքստերը, որոնք փաստեր են, թվեր, վիճակագրություն, դրանք արական սեռի են ու սովորաբար ունենում են քիչ լայքեր, քիչ մեկնաբանություններ ու կիսումներ:

Իսկ այն տեքստերը, որոնք էմոցիա են, հուզմունք, հումոր, կյանքից դրված, որևէ իրավիճակ, ինչ-որ մեկին փնովել/գովել, լայֆհաք, կրթական թեմա, տղա/աղջիկ հարաբերություններ, վիդեոյով, կամ նկարով ուղեկցված տեքստեր, ապա դրանք իգական սեռի տեքստեր են, որոնք ունենում են ամենաշատ կիսվումները, հավանումներն ու մեկնաբանությունները: