Ո՞վ է ժամանակակից արտադրական բիզնեսի նախահայրը

Եթե Ռիչարդ Արկրայտի անունը ծանոթ չէ, ապա ասեմ, որ նա աշխարհի առաջին ամենախոշոր արդյունաբերողն էր, ում ազդեցությունն արտադրությունում գրեթե հավասար էր Հենրի Ֆորդի, կամ էլ Սթիվ Ջոբսի արած փոփոխություններին 150 և 250 տարի հետո: Արկրայտի հանճարեղ լինելը նորարարական պրոդուկտ ստեղծելը չէր, ինչպես արել էր Ջոբսը, այլ նա հասկացել էր, որ եթե շատ է արտադրում, ապա ապրանքի ինքնարժեքն իջնում է, իսկ ինքնարժեքն իջեցնելու համար հարկավոր են հաստոցներ ու նրա այս մոտեցումն այնքան հնարամիտ էր, որ ապրել է մինչ մեր օրերը:

Խոսքը գնում է 1700-ական թվականների մասին, երբ տեքստիլ արդյունաբերության մեջ հեղափոխություն սկսվել էր՝ ձեռքով աշխատանքը փոխարինվում էր մեխանիկականի և Արկրայտը որոշում է իրականացնել մտածածը: Ըստ նրա, եթե մի տեղանքում տեղադրեն մի քանի «Ջեննի» հաստոցներ, այլ ոչ թե մի հատ, ապա արտադրությունը զգալիորեն կնվազեցնի ապրանքի ինքնարժեքը: Հարյուրավոր տարիներ մարդիկ արտադրությունը կազմակերպում էին տներում, կամ էլ առանձին գյուղերում ու ոչ ոք չէր փորձել բազմաթիվ հաստոցներ միավորել մի տեղում, կառավարել արտադրությունն ու ստանալ ավելի էժան պրոդուկտ, ավելի մեծ արտադրողականությամբ:

Գաղափարն իրականացնելուց 7 տարի հետո, նախկին վարսավիրն ուներ 140 հաստոցային ֆաբրիկաներ ողջ Անգլիայում: Այդ տարիներից սկսած՝ մասշտաբ նշանակում էր հաջողություն: Արկրայտի շնորհիվ մանված թելն ու կծիկը դարձան առաջին ապրանքն աշխարհում, որոնք ստեղծվել էին արտադրական պրոցեսի արդյունքում:

1812 թվականին արդեն մանված թելերի ինքնարժեքն ընկնում է 90 անգամ, իսկ XIX դարի կեսին Անգլիայում կար 250 հազ հաստոց, որոնք տեղակայվում էին ամենամեծ շինություններում, որը երբևէ կառուցվել է Եվրոպայում: Խոշոր արտադրողները կարողանում էին ավելի էժան պրոդուկտ ստանալ, քան մանրները:

Սկսվում է մասսայական արտադրությունը և մասսայական արտադրությունն էլ պահանջում է մասսայական շուկաներ: Մասսայական արտադրությունը շատ արագ տարածվում էր մյուս ոլորտներում, և այն գործարարները, որոնք չէին հասցնում արձագանքել փոփոխություններին, կամ դանդաղում էին, կամ էլ լքում էին շուկան:

Արկրայտի մոդելը հետևյալն էր, թե ինչքան շատ ապրանք կարող են արտադրողները թողարկել: Այսինքն ինչքան շատ է արտադրողը վաճառում, այնքան շատ եկամուտ է ստանում, իսկ ինչքան շատ է արտադրում, այնքան ծախսերը քիչ են լինում ու կարողանում է էժան վաճառել: Այս մոտեցումն էլ ձևավորում էր ապրանքին ուղղված մտածելակերպը ու միտքը հետևյալն է՝ արտադրել շատ՝ որքան հնարավոր է էժան ինքնարժեքով: